Էրգոֆոբիա՝ վախ աշխատանքից

Այսօր երկուշաբթի է, երբ շատերը կազմ ու պատրաստ` նոր բարձունքներ գրավելու ակնկալիքով հասնում են աշխատավայր, սակայն, կան նաև մարդիկ, որոնք ունեն վախ կամ անհանգստություն աշխատանքից՝ էրգոֆոբիա …..

Էրգոֆոբիան վախն է աշխատանքից: Ֆոբիայի այս տեսակը ենթակա է բուժման, քանի որ այն էապես խանգարում է լիարժեք կյանքին: Էրգոֆոբիան, այսպես կոչված, սոցիալական ֆոբիաներից մեկն է, որը «վատթարացնում» է տվյալ մարդու հարաբերություններն ուրիշների հետ: Միևնույն ժամանակ, ոչ մի դեպքում չպետք է այն շփոթել ծուլության հետ:Էրգոֆոբիայի դեպքում մարդը վախենում է պատասխանատվությունից. երբ գալիս է որոշում կայացնելու պահը՝ չեն կարողանում դա անել: Նրանք անհավանական վախ են զգում, վատ տրամադրություն են ունենում։ Այն նաև կարող է ազդել ֆիզիկական առողջության վրա՝ առաջ բերելով այնպիսի զգացողություններ ու ախտանիշներ, ինչպիսիք են՝ սրտի արագ բաբախյուն, արյան բարձր ճնշում և քրտնարտադրություն, նաև՝ սրտխառնոց կամ փորլուծություն։Աշխատանքի գնալն այս ֆոբիայով տառապող մարդու համար, պարզապես, մղձավանջ է: Միևնույն ժամանակ, երբ չկա սթրեսի գործոն, բոլոր ախտանիշներն անհետանում են: Սա նշանակում է, որ էրգոֆոբիայով տառապող անձն իրեն լավ կզգա աշխատանքից ազատ ժամանակ:Շատ հաճախ անհանգստությունն ու տհաճությունը սկսվում են կիրակի օրը, երբ գիտակցում են, որ հաջորդ օրը հարկավոր է առավոտյան վեր կենալ և գնալ աշխատանքի:

Ինչու՞ է առաջանում աշխատանքի հանդեպ վախը. Շատ հաճախ աշխատանքի հանդեպ վախը ներառում է ինքնաքննադատական մոտեցում սեփական անձին: Մարդը վախենում է, որ իր ջանքերը չեն գնահատվի կամ պարզապես չեն կատարվի իր պահանջները: Էրգոֆոբիայի պատճառ կարող է լինել նաև վատ ընտրված մասնագիտությունը:Երբեմն մասնագիտական կյանքը «ճահճանում է», որը սպանում է աշխատելու մոտիվացիան ու ցանկությունը: Երբեմն էլ աշխատավայրում մթնոլորտը վատ է լինում և անհրաժեշտ է լինում փնտրել նոր՝ ավելի հաճելի մթնոլորտ ունեցող աշխատավայր:Ինչո՞վ է վտանգավոր էրգոֆոբիան.Էրգոֆոբիայի հիմնական հետևանքը կարող է լինել աշխատանքի կորուստը: Տվյալ անձին կարող են աշխատանքից հեռացնել, քանի որ այլևս չի կատարում աշխատանքային պարտականությունները: Հնարավոր է նաև, որ շատ վատ առողջական վիճակում մարդն ինքն աշխատանքից ազատման դիմում գրի ՝ մեծ թեթևություն զգալով: Էրգոֆոբիայի դեպքում կարող են առաջանալ նաև աշխատանքի հաճախակի փոփոխություններ, քանի որ ֆոբիայով տառապողը միշտ հույս ունի , որ հաջորդ աշխատանքն ավելի լավը կլինի, քան՝ նախորդը:Էրգոֆոբիայի մեկ այլ հետևանքն է՝ ինքնագնահատականի զգալի նվազումը: Շատ սթրեսային պահերին այն կարող է հանգեցնել, նույնիսկ, դեպրեսիայի և հասարակությունից մեկուսանալու ցանկության: Բացի այդ, այլ մարդիկ կարող են ընկալել պացիենտին որպես «արտաքսված»՝ չհասկանալով, որ անձը խորը հոգեբանական խնդիր ունի:Այս ամենն առողջական հետևանքներ ևս կարող է ունենալ. երկարատև սթրեսն ու անհանգստությունը հանգեցնում են բազմաթիվ հիվանդությունների, ինչպիսիք են՝ անքնությունը, ստամոքսի խնդիրները, խոցերը, քաղցկեղը, սրտանոթային հիվանդությունները, մեծանում է սրտի կաթվածի հավանականությունը:Էրգոֆոբիան հնարավոր է բուժել թերապիայի և դեղերի միջոցով: Շատ հաճախ, երկու մեթոդներն էլ զուգակցվում են: Այնուամենայնիվ, կարևոր է դիմել հոգեթերապևտների օգնությանը, քանի որ երբեմն անհնար է միայնակ հաղթահարել այս խնդիրը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով