Հաստատվել է ՀՀ ֆինանսական կրթման ծրագիրը

ՀՀ կառավարության՝ հուլիսի 22-ին կայացած նիստում գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ ֆինանսական կրթման ծրագրի և 2021-2025 թվականների գործողությունների պլանի նախագիծը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Որոշման ընդունումը պայմանավորված է յուրաքանչյուր հինգ տարին մեկ այն վերանայելու անհրաժեշտությամբ․ դա ամրագրված է 2014 թվականին Կառավարության նիստի արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ:Ակնկալվում է, որ փաստաթղթի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց բարեկեցության աճին՝ օգնելով նրանց ստանալ գիտելիքներ, հմտություններ, ձևավորել պատասխանատու վերաբերմունք և վարքագիծ։

Նախագծի պատմությունՀիմք ընդունելով 2012 թվականին Համաշխարհային բանկի իրականացրած Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատման հարցման ցածր արդյունքները և հաշվի առնելով բնակչության ֆինանսական ունակությունների զարգացման կարևորությունը՝ 2012 թվականին Կենտրոնական բանկը ձևավորել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման և իրագործման հանձնաժողով: Վերջինս մշակել է ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը և 2014-2019 թվականների գործողությունների ծրագիրը:2014-2019 թթ․ ընթացքում ՀՀ ֆինանսական կրթման ռազմավարության ներքո տարբեր պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվել են ֆինանսական կրթման մի շարք ծրագրեր դպրոցականների, ուսանողների, գյուղաբնակների, զինվորականների և լայն հանրության համար։

2019 թվականին Կենտրոնական բանկն իրականացրել է «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում» հետազոտությունը, որի արդյունքների հիման վրա 2020 թվականին վերոնշյալ հանձնաժողովը մշակել է Ֆինանսական կրթման ծրագիրը և 2021-2025 թվականների գործողությունների նոր պլանը: ՀՀ ֆինանսական կրթման ծրագրով (2021-2025 թվականների) ամփոփվում է Ֆինանսական կրթման ազգային ծրագրի իրագործման առաջին փուլի (2014-2019 թվականներ) ընթացքում գրանցած առաջընթացը, ինչպես նաև նախագծվում են 2021-25 թվականների տեսլականը և գործողությունների պլանը: Փաստաթղթում սահմանվում են ֆինանսական կրթության առաքելությունը, նպատակները, նպատակային ցուցանիշները, խնդիրները, ուղղորդող սկզբունքները, թիրախային խմբերը և դրանց ուղղված ծրագրերը, ծրագրերի արդյունավետության գնահատման և ֆինանսավորման մոտեցումները։Ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ սահմանված նպատակներն են՝ անձնական և ընտանեկան բյուջեի արդյունավետ կառավարում, խնայողությունների կատարում և երկարաժամկետ պլանավորում, վարկերի և պարտքերի արդյունավետ կառավարում, ֆինանսական ծառայություններից օգտվելիս սեփական իրավունքների պաշտպանություն, ֆինանսական գործիքների անվտանգ օգտագործում (այդ թվում՝ ֆինանսական զեղծարարություններից և խարդախություններից խուսափում), ինչպես նաև հիմնական ֆինանսական հասկացությունների իմացություն և դրանց արդյունավետ կիրառում՝ անձնական ֆինանսները կառավարելիս։ «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիր (2014-2019 թթ.)«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը 2014 թ.-ին գործարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ու ՀՀ ԿԲ-ի միջև համագործակցության արդյունքում: Ծրագրի նպատակն էր ապահովել ֆինանսական կրթություն ոչ միայն աշակերտների, այլև նրանց ընտանիքների անդամների համար: Ֆինանսական կրթության թեմաները ներառվել են տարրական, միջին և ավագ դպրոցների չորս առարկաներում՝ «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն»: Մշակվել և հաստատվել են կրթական չափորոշիչներ, ծրագրեր ու այլ ուսումնական և ուսումնաօժանդակ նյութեր: 2017-2018 ուսումնական տարում պիլոտային ծրագիրն իրականացվել է 14 դպրոցներում: Ծրագրի արդյունավետությունը գնահատվել է ֆոկուս խմբերի միջոցով` ցույց տալով ծրագրի դրական ազդեցությունը: Այդ արձագանքի հիման վրա 2018-2019 ուսումնական տարում մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը։ 2019 թ. դեկտեմբերի դրությամբ՝ ֆինանսական կրթություն է իրականացվել 685 դպրոցում՝ ընդգրկելով հանրակրթական ուսհաստատությունների շուրջ 50%-ը: Ընդհանուր առմամբ՝ 220,000 աշակերտ ստացել է ֆինանսական կրթություն, իսկ 4,951 ուսուցիչ՝ վերապատրաստվել:Ուսանողներին ֆինանսական կրթության տրամադրում (2014-2019 թթ.)ՀՀ ԿԲ-ն համագործակցել է համալսարանների հետ՝ ապահովելու ուսանողներին ֆինանսական կրթության տրամադրումը: «Իմ ֆինանսների ամիս» և «Փողի միջազգային շաբաթ» ծրագրերի բազմաթիվ միջոցառումներ հիմնականում թիրախավորել են ուսանողներին։ «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի միջոցառումների շարքը ներառել է ֆինանսական բանավեճեր՝ Եվրոպական երիտասարդական պառլամենտի հետ համագործակցությամբ, ֆինանսական թեմաներով ինտելեկտուալ առաջնություն՝ «Հայ գիտնականների ասոցիացիայի» հետ համագործակցությամբ և այլն: 2021-2025 թթ. գործողությունների ծրագիր2021-2025 թթ. գործողությունների ծրագրի թիրախային խմբերն են աշակերտները, ուսանողները, գյուղական համայնքները, կանայք և ընտանիքները, միգրանտներն ու աշխատողները: Գործողությունների պլանը մշակելիս հաշվի են առնվել նախորդ ժամանակահատվածի ընթացքում քաղված դասերը և բազմակողմանի քննարկումները:«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը նախատեսվում է ընդլայնել՝ մինչև 2022-2023 ուսումնական տարին ընդգրկելով հանրապետության բոլոր դպրոցները և 4 առարկաների ուսուցիչներին: Դպրոցներում ֆինանսական կրթությունն արդյունավետ իրականացնելու նպատակով «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաները դասավանդող այն ուսուցիչները, ովքեր դեռևս վերապատրաստում չեն անցել, մինչև 2022-2023 ուսումնական տարվա վերջ կվերապատրաստվեն: ԿԲ-ն կհամագործակցի Մանկավարժական համալսարանի հետ` կազմակերպելու ֆինանսական կրթություն մատուցելու վերապատրաստում այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են դառնալ վերոնշյալ առարկաների ուսուցիչ: ԿԲ-ն կփոխգործակցի նաև այլ բուհերի հետ, որոնք իրականացնում են վերոնշյալ առարկաների ուսուցիչների ուսուցում:Բացի դրանից՝ ԿԲ-ն կաջակցի ընթացիկ նախաձեռնությունների իրականացման շարունակականությանը և կօժանդակի մի շարք բուհերի՝ ուսանողներին ֆինանսական կրթություն տրամադրելու համար: «Իմ ֆինանսների ամիս» և «Փողի միջազգային շաբաթ» ամենամյա ծրագրերը կշարունակեն ընդգրկել հիմնականում ուսանողներին ուղղված բազմազան մրցույթներ ու միջոցառումներ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով