Ի՞նչ հագնել Ամանորի գիշերը․ խորհուրդներ՝ ոճաբան Լիլիթ Ստեֆանից

Ամանորին մնացել են հաշված ժամեր, և գեղեցիկ սեռի ներկայացուցիչները տոնական եռուզեռի, ուտեստների, պատրաստությունների հետ մեկտեղ մտածում են նաև, թե ինչ պետք է հագնեն ամանորյա գիշերը՝ տոնական գեղեցիկ կերպարն առավել ընդգծելու և վագրի տարին ըստ արժանվույն դիմավորելու համար։

Մեզ հետ զրույցում «Միսս Հայաստան 2021» ազգային գեղեցկության մրցույթի ոճաբան Լիլիթ Ստեֆանն, անդրադառնալով տոնական հագուստին ու կերպարին,  ընդգծեց, որ ոճն ամենախոսուն միջոցներից մեկն է, որով գեղեցիկ սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ կարող է պատմել իր մասին․ «Ինչպես բոլոր տոներին՝ ամանորին ևս ուզում ենք լինել ինքնատիպ, թրենդային և տարբերվող, իսկ դրա ամենակարևոր բաղադրիչներից մեկը գույնն է ու դրա ճիշտ ընտրությունը։ 2022 թվականի գույնը, ըստ Pantone-ի, բոլորովին նոր Very Peri-ն է ՝ կապտամանուշակագույնը՝ մանուշակագույն և կարմիր երանգների նուրբ խառնուրդով, որի համարձակ ներկայությունը խրախուսում է անձնական հնարամտությունն ու ստեղծագործությունը, և որը հրաշալիորեն կընդգծի ու նոր իմաստ կհաղորդի ձեր տոնական կերպարին: Հանգստացնող, լավատեսական և դրական ազդեցություն ներշնչող այս գույնը  կարելի է օգտագործել ոչ միայն հագուստի և աքսեսուարների, այլև՝ ինտերիերի և ձևավորման մեջ»։

Ոճաբանը նշեց, որ այս տարի ևս դեռ մնում է հարմարավետության տենդենցը՝ մի փոքր խառնվելով երեկոյանին։ Նորաձևության մեջ նորից մնում են կոմբինիզոնները, ծոպերով մինի զգեստները, փայլուն արծաթագույն հանդերձանքը, վառ գույներն ու արտասովոր պրինտերը․ «Կենդանական պրինտի համադրությամբ վառ երանգի կոստյումը շատ տարբերվող կդարձնի ձեր կերպարը, եթե արտաքինն ավելի դրամատիկ է, իսկ եթե սիրում եք լինել նուրբ և ռոմանտիկ կերպարի մեջ, կարող եք այս տարվա երանգի փոքրիկ զգեստը համադրել, օրինակ, արծաթագույն կոշիկներով կամ այլ աքսեսուարով՝ ունենալով տարվա ամենաթրենդային լուքը»։

Վերջում, ոճաբանը ևս մեկ անգամ ընդգծեց դրական հոգեվիճակի պահպանման կարևորությունը, քանզի հոգեվիճակը մեր արտաքին տեսքի արտացոլումն է․ «Սիրում եմ բոլորիդ և շնորհավորում գալիք Նոր Տարին»,-այսպիսի նախատոնական շնորհավորանքով եզրափակեց մեզ հետ զրույցը ոճաբան Լիլիթ Ստեֆանը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով