Ինչպե՞ս կարգի բերենք մեր երկիրը

Դիմում եմ Ձեզ, սիրելի՛ քաղաքացիներ, հայե՛ր,​ քանի որ նույնչափ, որքան Դուք, մտահոգ եմ մեր երկրի և՛​ ներկայի, և՛​ ապագայի համար: Ժամանակն անցնում է, իսկ դա ոչ միայն փող է, այլ նաև՝ դաս, 30 տարին ՝ վեց համալսարան է, և համալսարաններն անշեղորեն ցույց են տալիս, որ յուրաքանչյուր բարեփոխության արդյունքն արտահայտվում է, ամենաուշը, 5-6 ամսից (հիշենք, թե քանի օրում փլուզեց ԽՍՀՄ​ ​ տնտեսությունը՝ Ե. Գայդարի «շոկային թերապիան»), իսկ մենք 30 տարի է, ինչ սլանում ենք դեպի Գորիս՝ խոստանալով արագորեն հայտնվել Գյումրիում: Մենք պայքարում էինք հոգևոր ազատության, երկրի տնտեսության մոդերնիզացման, ժողովրդի բարեկեցության բարձրացման համար, և այդ հսկայական խնդիրները «լուծվեցին»​ մի պատուհասի՝ սեփականատերերի շերտի ստեղծման​ գաղափարով, այդ շերտին (որի մեջ, իհարկե, «պատահական»​ մարդիկ գրեթե չկան)՝ հանձնելով հանրապետությունում մի դարի ընթացքում ողջ ժողովրդի կողմից տանջալի աշխատանքով ստեղծված բարիքը: Կարելի՞ է, արդյոք, հարստացնել​ ժողովուրդին՝ խլելով նրա ունեցվածքը:​ Կոպեկներով սեփականաշնորհված հարստությունը «​ նոր կապիտալիստների​ համար չէր կարող ունենալ կոպեկից ավելի արժեք, և դրա ճիշտ օգտագործման ունակության բացակայության պայմաններում նրանք պետք է այն վաճառեին՝ փոքր-ինչ ավելի գումարով, որը բերեց տնտեսության փոշիացմանն ու ոչնչացմանը: Եթե մեր հարստությունը վաճառվեր իր արժեքով, ոչ ոք այն չէր վերավաճառի: Ականջներս կախեցինք արտասահմանցիների խորհուրդներին՝​ մոռանալով, որ ամեն մեկն, առաջին հերթին, իր շահի մասին է մտածում: ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ, արևմտաեվրոպական երկրների արտադրության ծավալներն աճել են 10-25%-ով, իսկ​ ոչ բարի հարևան Թուրքիայինը՝ գրեթե եռակի: Եվ հիմա մենք չունենք ոչինչ, կորցնում ենք նաև Արցախը, որի համար 30 տարի մնացել ենք սոված ու մրսած, և ամենակարևորը՝ չունենք հայրենի հողից կառչած​ ժողովուրդ. Հայաստանում կարելի է միանգամից գնել գյուղ կամ փոքր​ քաղաք ամբողջությամբ, և այս առումով բացատրելի է ահավոր չափերի հասած արտագաղթը (21-րդ դարում՝ նորից պանդխտություն ու ղարիբություն), որն իրավիճակի համապատկերում, ցավոք, կարելի է նաև հայանպաստ համարել, քանի որ, ինչպես ցույց է տալիս Իսրայելի փորձը, Հայոց վերածննդին ավելի շատ կարող է սատարել հարուստ ամերիկահայը, քան աղբանոցում օրվա հաց որոնող հայաստանցին: Առհասարակ, ու՞մ է պետք անզոր հայրենիք՝​ Թուրքիայի և Ադրբեջանի հարևանությամբ ու այս ամենի պատճառը սրտացավ ղեկավարության բացակայությունն է, այն ղեկավարության, որը հավատացրել էր, որ կարող է ստեղծել ու իրականացնել առաջընթացի​ իրական ծրագիր:Դիմելով նոր ծրագրին՝ պետք է որոշել նոր չափանիշներ: Իրականացվող քաղաքականությունից հրաժարվելու անհրաժեշտությունն անկասկած է, բայց անհնար է նաև նախկին անհոգ աշխարհ վերադառնալը, որովհետև եթե խորհրդային կարգերն անթերի լինեին՝ չէին կործանվի. անթերին հավերժ է:​ Պետք է նոր մոտեցում: Տնտեսագիտության գծով գրվում են բազում աշխատություններ, բայց, ցավոք, դրանք չեն կրում ունիվերսալ բնույթ: Ունիվերսալ է տնտեսության միայն մեկ օրենք. «յուրաքանչյուր գործ պետք է ձեռնատու լինի: Մյուս օրենքները​ սրա մասնավոր կիրառումներն են, և յուրաքանչյուր կիրառում պահանջում է ստեղծագործական մոտեցում: Եթե կարելի լիներ միայն գրքերում զետեղված բանաձևերով հարց լուծել, այսօր աշխարհի ամեն մի անկյուն վերածված կլիներ ծաղկեփնջի: Եթե տնտեսության օրենքը կիրառվում է խելացի, ստացվում է այնպես, ինչպես Չինաստանում է: Եթե այն կիրառվում է մեր ղեկավարության կողմից, ստացվում է այնպես, ինչպես է հիմա Հայաստանում: Մեր ժողովրդին պետք է ընդհանուր տնտեսական զարգացում և համատարած բարեկեցություն (ոչ թե մի քանի նորաթուխ կապիտալիստներ): Հենց սա պետք է դառնա մեր նպատակը, որից բխում են նրա խնդիրները, առաջին հերթին՝ ամենակարևորը՝ ուժեղ պետություն ունենալը, որը բաղկացած է օրենքից ու տնտեսությունից: Կարելի՞ է, արդյոք, Հայաստանում ստեղծել մի մթնոլորտ, որում բոլորը միանշանակ կձգտեն պետականության ամրապնդմանը: Իհարկե, կիրառել դա մի անհեթեթ​ մտածելակերպի առկայությամբ, երբ ընտրողն ընտրում է ոչ թե մտավորականին, այլ հարևանին կամ թաղի «լավ»​ տղային ու դեռ երազում է լավ ապրել՝​ ծայրաստիճան դժվար է, և​ այստեղ կատարման ու պատասխանատվության ամբողջ բեռն ընկնում է ղեկավարների (առաջնորդների) ուսերին, որոնք պետք է լավագույնս օգտագործեն իրենց բախտ վիճակված աստեղային ժամը: Պետք է ոչ թե անտեսել ժողովրդին, այլ ուղի ցույց տալ, նրա մեջ պետական մտածողություն դաստիարակել (իսկ սրա համար անհրաժեշտ է բարձր մակարդակի վրա պահել մեր կրթական համակարգը):​ «Ով էշ, մենք՝ փալան» սկզբունքով առաջնորդվելով​ դժվար է​ փալանից բացի երկնքից ավելին հուսալ: Այս իրավիճակում պետական այրերի առաջին խնդիրը օրենքին​ օրենքի ուժ հաղորդելն ու երկրին տեր կանգնելն է: Օրենքն ուժ ունի՝​ եթե պաշտպանված է​ իրական ուժով (զորք, ոստիկանություն, դատախազություն և այլն) և ապահովում է մարդու իրավունքները: Առաջինը կիրականանա, եթե նշված կառույցներն օրենքով լինեն ապաքաղաքականացված: Այն​ սպան, ով կուզենա​ մասնակցել քաղաքական կյանքին, պետք է նախապես զորացրվի. սա՝ ռազմական օլիգարխիայից խուսափելու համար, իսկ գերագույն օղակները պետք է սահմանափակվեն​ իրենց հատկացված դերերով. խորհրդարանն օրենք ընդունի, կառավարությունը դրանք ի կատար ածի, նախագահն այս ամենը վերահսկի: Վեճերի դեպքում իր խոսքն ասի Վճռաբեկ դատարանը:​ Բայց գերագույն մարմիններն այն պայմաններում միայն հաշտ կապրեն, երբ յուրաքանչյուր կշիռ կունենա իր հակակշիռը, այսինքն՝ կկատարելագործվի Հիմնական Օրենքը: Միգուցե արժե նաև այս մարմիններում աշխատողների, այդ թվում՝ պատգամավորների համար մտցնել կրթական ցե՞նզ, որպեսզի ոմաք բուհ «չընդունվեն» … նախարար դառնալուց հետո: Առհասարակ, կառավարությունը պետք է ձևավորել ոչ թե քաղաքականությամբ զբաղվող, այլ մասնագետ մարդկանցով,​ այսպիսիններին​ ընտրելու​ և​ նախագահական ու կառավարական «օլիգարխիայից» խուսափելու համար նախագահը պետք է​ առաջարկի մի քանի անկուսակցական​ թեկնածու խորհրդարանին, ովքեր հանդես գան​ ծրագրերով,​ իսկ խորհրդարանը կավարտի ու կհաստատի նախագահի ընտրությունը: Իշխանություն պետք է ունենան հնարավորին չափ ազնիվ մարդիկ, որպեսզի չթալանեն եղածը, և խելացի մարդիկ, որպեսզի եղածը կրկնապատկեն:​Մարդու իրավուքները սոսկ իրավունք չեն, այլ իրական, ամենօրյա հնարավորություն: Նախկինում գրեթե անհնար էր ազատ մեկնել արտասահման, իսկ Մոսկվա, Կիև, Մինսկ՝ խնդրեմ: Իրավունքն իրականացվում էր հնարավորության առկայությամբ: Այժմ ճանապարհը դեպի արտասահման բաց է, բայց չկա հնարավորություն մեկնելու ոչ միայն Ամերիկա, այլ նաև Մոսկվա, Կիև, Մինսկ: Մի՞թե կարելի է համարել, որ մեր իրավունքներն ընդլայնվել են: Մարդն ազատ է, եթե իր​ հնարավորությունները համապատասխանում են իրավունքներին: Հետաքրքիր է, այն​ «ազատամիտ»​ չինովնիկը, ով որոշեց հանել ծննդյան վկայականից ռուսերեն տեքստը, մտածե՞ց, թե ինչ գլխացավանքներ է դա բերում: Մի՞թե​ չգտնվեց մեկը, որ խորհուրդ տար պարզապես անգլերեն տեքստ ավելացնել: Մարդու իրավունքների բացակայությունը փլուզեց աշխարհի ամենահզոր երկրներից մեկը՝ ԽՍՀՄ-ը, այն կփլուզի Հայաստանն ավելի արագ, քան տնտեսական իրավիճակը:Տնտեսության​ զարգացման նոր ճանապարհի գաղափար արտահայտել եմ վաղուց՝​ առաջարկելով ստեղծել անհարկ տարածություն՝ գործող հարկերի պահպանման պայմաններում, և հետագայում վարել ռեգրեսիվ հարկային քաղաքականություն (թԸ,​ 30.06.98.):​ Անանուն պատասխանում (ՀՀ, 29.07.98) չի ժխտվում իմ թեզերից ոչ մեկը: Ամբողջությամբ ուժի մեջ թողնելով այդ կարծիքս, պետք է պնդեմ, որ արտադրությունը նոր թափ կստանա, եթե կիրառենք տնտեսման և նախաձեռնության խրախուսման տարրական սկզբունքները:1998 թվականին Հայաստանի համախառն եկամուտը ընթացիկ տրանսֆերների հետ կազմել է​ 1.045.000​ մլն դրամ, այսինքն՝ դոլարի վերածված ավելի շատ, քան 1988 թ. ՀԽՍՀ բյուջեն: Իսկ ինչպե՞ս ենք ապրել 1988-ին​ և 1998-ին:1999 թվականին Հայաստանում պետության նախաձեռնությամբ կառուցվել է 39400 մ2​ բնակտարածություն, որի 1 մ2​ վրա ծախսվել է միջինը 220 ԱՄՆ $: Նույն 1999 թվականին բնակտարածքի 1 մ2 արժեքը​ անշարժ գույքի շուկայում կազմել է միջինը 47 ԱՄՆ $: Ի՞նչ իմաստ ուներ կառուցել, երբ կարելի էր առանց ժամանակ ու եռանդ վատնելու նույն 1999 թ.-ին գնել 5 անգամ ավելի բնակտարածք և, փաստորեն, լուծել աղետի գոտու խնդիրը: Դեռ չասենք, որ աղետի գոտում 1 մ2​ արժեքը տատանվում էր 35-40 ԱՄՆ $-ի սահմաններում: Հանրապետությունում 880 000 գրանցված ընտանիքի համար կա 760 000 տուն և բնակարան, որոնցից մոտ 180000 վաճառվում են: Իհարկե, եթե մտածենք ավելի խելացի, ժողովուրդը լքում է հայրենիքը ոչ թե տուն, այլ աշխատանք չունենալու պատճառով, և ամենանպատակահարմարը՝ գոյություն ունեցող գումարներով ոչ թե բնակարան գնելն է, այլ աշխատատեղեր ստեղծելը: Եվ այսպիսի «թյուրիմացությունները» շատ են: Ո՞ր տերը կվաճառի շահավետ օբյեկտը, օրինակ ԱԷԿ-ը: Նա այն շահավետորեն կշահագործի: Պետության ղեկավարը պետք է հանրային սեփականությանը տեր կանգնի բոլոր առումներով:Արտադրության​ զարգացումն այսօր ամենակարևոր խնդիրն է: Ինչպե՞ս ստեղծել​ մի իրավիճակ, որ մենք շահագրգռված​ լինենք զարգացնելու մեր արդյունաբերությունն ազգովի և յուրաքանչյուրս առանձին-առանձին: Սա է նոր մտածելակերպը: Մի քանի գործարանների համար առավելություններ​ ստեղծելը, դոտացիաները խորհրդային ամենաարատավոր մոդելներից են և պետական գումարների հափշտակման հոյակապ հնարավորություն: Այս պարագայում պետական​ մոտեցման ամենակարևոր կետը արտադրողի, մասնագիտական գործունեությամբ զբաղվողի առավելության (շահավետության)​ ապահովումն է մնացած բնագավառների աշխատողների նկատմամբ, որը կվերացնի այն սոսկալի վիճակը, երբ քաղաքացու համար ամենից եկամտաբերը տնտեսության​ անեկամտաբեր ոլորտում աշխատելն է (դատախազություն, ներքին գործեր, պետավտոտեսչություն, հարկային տեսչություն և այլն): Մասնագետի համեմատ ոչ մի չինովնիկ, այդ թվում՝ պատգամավոր, չպետք է ունենա ոչ մի առավելություն: Կձգտի՞, արդյոք, ձեռներեցը խորհրդարան՝ ամսական 300 ԱՄՆ $-ի​ համար, եթե մասնագիտությամբ աշխատելով կվաստակի 400 ԱՄՆ $: Մինչև չգնահատենք մասնագետին՝​ չենք ունենա ոչ մասնագետ և ոչ դպրոց:Արտադրության զարգացումն անմիջականորեն կապված է բյուջեի հետ…. ինչ-որ չափով: Առաջին հերթին​ արտադրելը պետք է ձեռնտու լինի: Եթե ձեռներեցն իմանա, որ իր​ արտադրությունն իրեն ձեռնտու է, նա ինքը գումար կհայթայթի: Սա է պետության դերը՝​ ոչ թե կառավարել, այլ կանոնավորել: Հակառակը, այսօրվա, վիճակում գումարի ներդնումն անիմաստ է. 100 մլն. դրամը կբերի 80 մլն.,​ 1 միլիոնը՝ 800 հազար: Ինչքան քիչ ներդնենք, այնքան շատ կշահենք…. սոսկալի թվաբանություն է:Արտադրության​ ձեռնտու լինելը կապված է ինքնարժեքի հետ: Պետք է խրախուսել աշխատատեղերի ստեղծումը՝ հարկերի բեռնթափմամբ («որ ժողովուրդը փող ունենա»), իջեցնել էներգակիրների, վառելանյութի​ գները, որոնք փաստորեն անդամալուծել են մեր տնտեսությունը, հաստատել նրանց, ինչպես նաև այլ ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերի վրա (էլկտրաէներգետիկա, շինարարություն, խմիչքի արտադրություն ու վաճառք և այլն) պետական մենաշնորհ: Սկզբնական շրջանում պետք է խրախուսել ցանկացած արտադրություն, որի պատրաստի արտադրանքը կլինի պարզապես հումքից թանկ: Եվ այստեղ արդեն անհրաժեշտ է​ ճկուն մաքսային քաղաքականություն, օրինակ՝ ինչպե՞ս կարելի էր թույլ տալ Հայաստան միանգամից մեծ հոսքով կոշիկ ներմուծել, երբ մեր գործարանները դեռ մոդեռնիզացված չէին, և հետևանքը՝​ ​ ​ սրանց անգործության մատնվելն է. չէ՞ որ փակ շուկայից բաց շուկա մեկ օրում չեն անցնում, իսկ մաքսային համակարգի իմաստը՝ երկրի ներքին շուկայի պաշտպանությունն է՝ արտաքին ապրանքների ներխուժումից: Զարգացած արտադրական տնտեսություն ստեղծելու համար, իհարկե, գումար է պետք, որովհետև մանր-մունր արհեստանոցներով, հնամաշ հաստոցներով, առանց գիտության, առանց ինժեներական ու բանվորական ուժի վերաորակավորման​ դժվար է միանգամից էժան արտադրանք տալն ու հզոր հայրենիք երազելը:Որտեղի՞ց փող հայթայթել… իհարկե միայն այնտեղից, որտեղ կա: Հայաստանում շատ փող կա՝ «նոր կապիտալիստների» մոտ, կա նաև​ ժողովրդի մի մասի ձեռքին, չնչին չափով, բայց կա,​ միայն անհրաժեշտ են պետական բանկային երաշխիքներ: Սա մասնավոր հարց է, և չեմ անդրադառնում սրան: Եթե լինի երաշխիք, հարուստները կներդնեն գումարները և՚ բանկ, և՚ արտադրություն, որովհետև պարզ է՝ որպեսզի նրանց փողերն աշխատեն, ժողովուրդը պետք է փող ունենա դրանք աշխատեցնելու:Ներքին վարկը պետք է համալրել խելացի հարկային քաղաքականությամբ՝ նպատակ ունենալով իջեցնել պատրաստի արտադրանքի գինը: Գումար կորզելու համար կարելի է, օրինակ, փոփոխություններ մտցնել քրեական օրենսգրքի մեջ, և հասարակական առանձնահատուկ վտանգ չներկայացնող հանցագործությունների դիմաց պատժամիջոց ընտրել գումարի տեսքով՝ հասարակությանը​ հասցրած վնասի վերականգման հետ միասին: Միևնույն է, այդ բացը վարպետորեն լրացնում են​ իրավապահ մարմինների աշխատակիցները:Ինչպե՞ս անենք, որ պետական պաշտոնյան ավելի շատ ոչ թե իր, այլ ժողովրդի մասին մտածի՝ ընկալելով իր ապագան ժողովրդի ամբողջական ապագայի մեջ: Ինչպե՞ս փոխենք ժողովրդի հոգեբանությունը, որն այսօր հավատում է միայն պատահականությանն ու ազգովին «ղումար» է խաղում՝ տարբեր «բախտերի» անվան տակ. չէ՞ որ ազգի բախտը​ օրինաչափ գործողությունների արդյունք է:Չեմ կարող չանդրադառնալ արտաքին վարկերին ու հովանավորություններին, եթե, իհարկե, հնարավոր է՝ ավելի լավ է վարկ չվերցնել, որովհետև դա նույն «տոկոսի տակ ընկնելն» է, որի վերջը կործանումն է երկրի համար, իսկ պետական այրերի համար՝ հարստանալը: Զարմանալի չէ, որ Մ.Գորբաչովը ԽՍՀՄ կործանումը սկսեց վարկ վերցնելուց: Ի՞նչ տվեց մեզ 1992-1999 թթ. 870 մլն դոլարի վարկը,​ տնտեսության ռազմավարական ո՞ր ճյուղը փրկվեց փլուզումից: Ինչ վերաբերում է հովանավորությանը՝​ իսկապես շնորհակալ ենք հոգատարության համար, բայց այն պետք է լինի առանց թելադրանքի և ուղղվի անհրաժեշտ բնագավառներ, օրինակ՝ առաջարկում են կառուցել ծննդատուն (մեր ծննդատների դատարկ լինելու պայմաններում), հիվանդանոց, ամբուլատորիա… տալիս են գումարի 90%, 10 %-ը՝ բնակչության կողմից ներդնելու պայմանով, ընդ որում՝ անպայման պետք է​ շենք կառուցել և​ գումարը ծախսել թելադրվող չափանիշներով, չնայած որ նույն չափի​ շինությունն 3-4 անգամ ավելի էժան է: Բայց ի՞նչ իմաստ ունի կառուցել մի անմիտ շինություն, ասենք ամբուլատորիա՝ հատկացնելով 30000 ԱՄՆ $. չէ՞ որ​ ամերիկացու համար 27000-ը փող չէ, նա կարող է այն քամուն տալ,​ իսկ մեզ համար 3000-ը գուցե և​ վերջին կոպեկներն են:Այլ բան է՝ օգտագործել մասնավոր ներդրումները՝ առաջարկելով մեր ունեցածը՝ շինություն, գույք և այլն: Ներդրումներ կլինեն, եթե լինի պետական երաշխիք, քանի որ յուրաքանչյուր ձեռներեց, դիմելով ռիսկի, կարող է ռիսկի ենթարկել շահույթը, ոչ թե​ իր «կենդանի» փողերը:Ինչպես տեսնում ենք, ելք կա: Դրա համար անհրաժեշտ է տնտեսական օրենքը​ ստեղծագործաբար կիրառել: Ուրեմն​ ​ ստեղծագործաբար կիրառող է պետք, կադրեր՝ կրթված, գիտակ: Ի՞նչ է ստեղծագործելու մի անձնավորություն, եթե ժամանակին չի կարողացել նորմալ դաս սովորել՝ կարդալ և վերարտադրել: Պատկերացնու՞մ եք, թե​ ինչ կլինի ավտոմեքենային, եթե այն վարի անփորձ մի մարդ,​ իսկ եթե դրան գումարենք, որ​ ​ մեքենան էլ մի բան չի, իսկ ճանապարհը քարքարոտ է….. Իհարկե, ամերիկացիները «օգնում են»՝ մեր ամենատաղանդավոր ուսանողներին հրավիրում են ԱՄՆ կրթվելու: Երևի «կրթվելու» են մեկնում նաև մնացած երիտասարդները: Գուցե: Ցավալին միայն այն է, որ Հայաստանում օբյեկտիվ պայմանների ստեղծման պատճառով, 5 ուսանողից վերադառնում է​ մեկը՝ մի քանի օրից ԱՄՆ մեկնելու ակնկալիքով, իսկ սեփական նախաձեռնությամբ «սովորելու» մեկնողները չեն վերադառնում, առհասարակ: 1988-ին 18 – 27 տարեկան երիտասարդները Հայաստանում կազմում էին 34%,​ այսօր նրանք դեռ տեղում մնացած բնակիչների​ 18%-ն են:Սովորաբար տաղանդավոր մարդիկ քծնող չեն, ճշմարտախոս են, իսկ ճմարտությունը միշտ դառն է, երբեմն՝ սոսկալի դառը, ինչպես Մեծ Հայուհու՝ Սիլվա Կապուտիկյանի խոսքերն են: Չ՚խուսափենք դառնությունից: Այն թույլ է տալիս տեսնել սեփական սխալներն ու որոնել նոր ուղի: Հայ ժողովուրդը կարող է փրկվել​ միայն համբերությամբ ու խելքով: Չստիպե՛նք բարձրորակ մասնագետներին լքել հայրենիքը, օգտագործե՛նք նրանց կարողությունը:Յուրաքանչյուր ապագա սկսվում է​ բազմակողմանի մտածված ծրագրից, մոդելից, սկզբունքից, որոնք իրականանում են դժվարությամբ ու բազմաթիվ շեղումներով, և ապագա կունենա այն ժողովուրդը, որը ժամանակին կտեսնի ու կշտկի​ իր շեղումները: Ապագայի և ներկայի միջև​ մեկ օր է, այսօրվա մեջ՝ անցած օրն է: Եկեք այսօր ապրենք երեկվանից լավ:

Հարգանքով՝​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Վաղարշակ Մադոյան,բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,«Անանիա Շիրակացի»​ միջազգային​ հարաբերությունների համալսարանի ռեկտոր

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով