Կայացավ «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ» VII միջազգային գիտաժողովը

Յուրաքանչյուր երկրի զարգացման, հզորացման գործում իրենց եզակի, ուրույն, կարևորագուն տեղն ու դերն ունեն կրթությունը և գիտությունը: Հայկական գիտական ներուժի գիտատեխնիկական ձեռքբերումների, համագործակցությունների, համատեղ աշխատանքերի, նոր ուղղությունների և այլնի վերաբերյալ գիտական հանրությանը ներկայացնելու նպատակով սույն թվականի հոկտեմբերի  18-24-ը կայացավ «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ» VII ավանդական, միջազգային գիտաժողովը, որը մեկնարկեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի Կիրառական պրոբլեմների ինստիտուտում, այնուհետև շարունակվեց Մեղրիում, որտեղ էլ անցկացվեց նաև Գ.Ա. Ասկարյանի անվան երիտասարդ գիտնականների դպրոցը:

Գիտաժողովին  մասնակցեցին  անվանի ֆիզիկոսներ, երիտասարդ մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից, Իտալիայից, ինչպես նաև՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ:

Հիշեցնենք, որ 1980-ական թվականներից ինստիտուտի հիմնադիր, ակադեմիկոս Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են պարբերական «Մոդուլյացիոն մյոսբաուէրյան սպեկտրասկոպիա» և «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ» միջազգային գիտաժողովները, որոնք տեղի են ունեցել Երևանում, Սևանում և Մեղրիում: Այսօր էլ, շարունակելով ավանդույթը, ինստիտուտի ներկայիս տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, պրոֆեսոր Արտակ Մկրտչյանի նախաձեռնությամբ վերսկսվելով 2009թ.-ից ՝դրանք տեղի են ունենում երկու տարի պարբերականությամբ:

Մեզ հետ զրույցում ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, պրոֆեսոր Արտակ Մկրտչյանն, անդրադառնալով գիտաժողովի կազմակերպման, ֆինանսական աղբյուրներին, համավարակի հետ կապված դժվարություններին և երիտասարդների ներգրավվածությանն ասաց, որ համավարակի հետ կապված տարբեր երկրներում սահմանափակումների պատճառով շատերը չեն կարողացել գալ, ինչը չկար Ռուսաստանի Դաշնության հետ կապված, այդ իսկ պատճառով էլ հյուրերի մեծ մասը՝  թվով  34  հոգի հյուրընկալել էին հենց ՌԴ տարբեր գիտական կենտրոններից՝ ՌԴ ԳԱ Կուրչատովի անվան ինստիտուտից, Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանից, Նովոսիբիրսկի տարբեր կազմակերպություներից, Բելգորոդի համալսարանից, Սանկտ Պետերբուրգից. ‹‹Եվրոպական երկրների սահմանափակումների պատճառով միայն Գերմանիայից հյուր ունեինք, իսկ Իտալիայի մասնակցի հետ աշխատեցինք հեռավար տարբերակով: Հաճելի էր, որ այս անգամ երիտասարադների թիվն ավելի մեծ էր, դա նշանակում է, որ մեր ուղղությունը շատ կարևոր է և  ՌԴ-ն էլ, իր հերթին, լուրջ ուշադրություն է դարձնում ռենտգենյան ճառագայթների տարբեր տարրական մասնիկների փոխազդեցությանը ֆիզիկայում, քանզի տեսնում են հնարավոր բոլոր ուղիները՝ կիրառությունների դաշտը մեծացնելու››:

Անդրադառնալով գիտաժողովը Մեղրիում շարունակելուն՝ պարոն Մկրտչյանն ասաց, որ գիտությունը պետք է տեղայինացված չլինի, որ Մեղրիում է գտնվում իրենց՝ ակտիվ գործունեություն   ծավալող մասնաճյուղերից մեկը, և, հատկապես այս իրավիճակում,  գիտությունը սյունյաց աշխարհի մեր հայրենակիցներին մատուցելը շատ հայրենասիրական և գիտատենչ քայլ է համարում:

Նշենք, որ  պետության կողմից մասնակիորեն ֆինանսավորում էր տրամադրվել միայն  Ասկարյանի դպրոցի անցկացման համար, իսկ մնացածի և գիտաժողովի ողջ ֆինանսական մասն ինստիտուտն իր ուսերին է կրել՝ սեփական  սուղ միջոցներից:

ՖԿՊԻ-ի ասպիրանտ Աստղիկ Դանղյանը, ով ևս  գիտաժողովին նյութ էր ներկայացրել, պոստեր ուներ, մեզ հետ զրույցում ուրախությամբ նկատեց, որ նախորդ տարիների համեմատ՝ այս անգամ թե՛ տեղի, և թե՛ արտասահմանցի երիտասարդների շրջանում  ներգրավվածության,  մասնակցության աճ կա, որն էլ նոր համագործակցություն և համատեղ աշխատանքների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում՝ խթան հանդիսանալով գիտության զարգացման համար:

Երիտասարդ գիտնականներից՝ Ելիզավետա Բաշմենային՝ Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանից, հիացրել էր այն հանգամանքը, որ գիտաժողովի մասնակից փորձառու գիտնականները հետաքրքրությամբ լսում էին երիտասարդներին, քննադատական մոտեցման փոխարեն խորհուրդներ էին տալիս, օգնում, կիսվում սեփական փորձով. ‹‹Շատ տպավորված եմ այս գիտաժողովից, կազմակերպիչներից, գեղեցկագույն քաղաք Մեղրիից, և, առհասարակ, հայերից ու Հայաստանից: Այս հյուրընկալ, բարի ու առատաձեռն մարդկանց երկիրն ինձ , պարզապես, հիացրեց»,- մեզ հետ զրույցում ասաց գիտաժողովի երիտասարդ մասնակիցը:

‹‹Առաջին անգամ եմ մասնակցում այս գիտաժողովին և շատ տպավորված եմ կազմակերպվածության բարձր մակարդակից, նրանում ներկայացված փորձարարական և տեսական աշխատանքներից: Շատ կարևոր թեմաներ կան, որ մենք արդեն իսկ իրականացնում ենք և շատ կուզենայի, որ մեր հայ գործընկերների հետ համատեղ անեինք.  գլխավոր պոտենցիալը պահպանելով պետք է զարկ տալ գիտության զարգացմանը՝ նոր տեմպով»,-նշեց Օլեգ Բոգդանովը՝ Տոմսկի Պետական և Պոլիտեխնիկական համալսարանից, ով ևս հիացած էր Հայաստանից, հայերի վերաբերմունքից ու հյուրընկալությունից, իր խոսքերով, առաջին անգամ էր տեսնում, որ մարդիկ կիսվում են այն ամենով, ինչ ունեն, որը, նույնիսկ, անհավատալի է:

Հավելենք նաև, որ եկող տարի նախատեսված է Ակադեմիկոս Ա․Ռ․ Մկրտչյանի անվան Երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպումը՝  ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ թեմատիկայով, որը փորձնական արդեն ացնկացվել է սույն թվականի մայիս ամսին:

Գիտաժողովի աշխատանքներն ավարտվեցին սեպտեմբերի 24-ին և Հայաստանի չքնաղ վայրեր կատարած փոքրիկ էքսկուրսիայից հետո բոլոր հյուրերը հեռանալիս, նոր համագործակցությունների հեռանկարների հետ միասին, իրենց հետ տարան նաև անմոռանալի հուշեր՝ անկրկնելի բնություն ունեցող հյուրընկալ Հայաստանից:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով