Շա՞տ են, արդյոք, Հայաստանում բուհերը

Ցավոք սրտի, ազատ Հայաստանի կառավարություններն իրենց գործունեությունը սկսում են ոչ թե կառուցելուց, այլ «մաքրման աշխատանքից»․ քանդենք, 50 տարվա ընթացքում կկառուցենք, այն էլ՝ դրախտ։ Օրինակ՝ վերացնում են փողոցային առևտուրը՝ առանց բնակչության համար համապատասխան հնարավորություններ, իսկ վաճառողների համար՝ աշխատատեղ ստեղծելու։ Այս կառավարությունը փորձում է փակել Գիտությունների ազգային ակադեմիան՝ առանց մտածելու, որ, շարունակելով նախորդների «ազգանվեր» աշխատանքը, վերջնական վերացնում է գիտությունը երկրում 1989 թվականին մեր անկախություն հռչակողները հավաստիացնում էին, որ «ճորտատիրական սոցիալիզմից» հետո, երկրի գործարանները կաշխատեն ավելի արդյունավետ, ապրանքը կհասցնեն միջազգային մակարդակի, իսկ բանվորներն ու ինժեներական անձնակազմը կստանա մարդավայել աշխատավարձ․․․ Դժվար է համեմատել մասնավոր բուհերի աշխատանքը փողոցային առևտրի հետ, սակայն մեր կառավարության համար նման դժվարություններ (ինչպես և առհասարակ) գոյություն չունեն։ Հաշվելով երկրում մնացած սակավաթիվ բնակչությունը և բաժանելով այն 60 բուհի՝ մեր ղեկավարությունը ստանում է մի կլոր թիվ, որը ոչ մի կերպ չի տեղավորվում իրենց՝ շուկայական տնտեսություն քարոզող գլուխներում։ Հիմա նաև պետական բուհերը հասել են այն աստիճանի, որ ընդունում են «անբավարար» մակարդակից ցածր միավորներ հավաքած դիմորդներին՝ 7 կամ 7,5 միավորով, ուր մնաց մասնավոր բուհերը։ Իրավիճակը բարեհաջող է միայն Ամերիկյան, Ֆրանսիական, Սլավոնական համալսարաններում։ Ամեն բան իր չափման միավորն ունի։ Եթե մենք արցախյան պարտությունը չափենք կիլոներով, կարող է․․․ դրական արդյունք ստանանք։ Եթե բուհերի քանակությունը որոշենք ըստ պլանային տնտեսության, դրանք անշուշտ շատ են։ Եթե մոտենանք շուկայական հարաբերությունների տեսակետից, ապա քանակությունը ստեղծում է մրցակցություն, մրցակցությունն էլ՝ որակ, էժանություն, լիություն։ Իհարկե, ոչ կաշառակերության մեջ խեղդված երկրում։ Բուհերը մատուցում են ծառայություն։ Դժվար է պատկերացնել, թե մի դերձակի արհեստանոցի առկայության դեպքում, մյուսն՝ անիմաստ է։ Ճիշտ է, բուհը դերձակի սրահ չէ․ այն բարձր որակ է պահանջում։ Բուհերի համակարգը ձևավորել, դրանք ի օգուտ հայրենիքի և մարդկանց աշխատացնելը, խելք է պահանջում, իսկ փակելը՝ մի գրչի հարված է։ Հերն էլ անիծած, որ դրանք աշխատատեղեր են, պետական եկամուտներ են, որ հարևան երկրները մեր կրթության կարիքն ունեն և Հայաստան են ներկրում մաքուր գումար։ Ավելի գերադասելի է փակել։ Ով էլ համաձայն չէ, թող գաղթի ճամփան բռնի․․․ Միևնույն է, Նիկոլն ասում է, որ 2050 թվականին հինգ միլիոն ենք լինելու։ Հակոբ Հնձաթյան, լրագրող

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով