Սովորաբար պատերազմներից հետո մարդիկ պետք է կարոտ և քաղց ունենան արվեստի, մշակույթի, ինչը, ցավոք, այսօր չեմ նկատում. Լուսիա Աբրահամյան

Հայաստանում, ինպես եւ ամբողջ աշխարհում համավարակային իրավիճակը, կարծես թե, չի ուզում զիջել իր դիրքերը, ավելին՝ ստիպում է քայլել իր անընդհատ ի հայտ եկող պահանջներին համապատասխան: Այս,  պատերազմական, այժմ՝  հետպատերազմյան իրավիճակը, ցավոք, բոլոր ոլորտներում դժվարություններ ու ճգնաժամային իրադրություն են ստեղծել, որից փորձում ենք համառորեն դուրս գալ՝ կյանքի բնականոն հուն վերադառնալու մեծ ցանկությամբ:

Դերասան Խորեն Աբրահամյանի և դերասանուհի Լուսյա Հովհաննիսյանի թոռնուհի , դերասանուհի Լուսիա Աբրահամյանի հետ զրուցում ենք մշակութային կյանքի, ներկայիս վիճակի, զբաղվածության, նորությունների և թեմային առնչվող այլ հարցերի շուրջ:

Տիկին Աբրահամյան, ինչպե՞ս է ընթանում մշակութային կյանքը հետպատերազմյան եւ համաճարակային իրավիճակում Ձեր՝ որպես ոլորտի ամենակարկառուն ներկայացուցչի գնահատմամբ։

Հայաստանի համար, իրոք շատ դժվարին ժամանանակաշրջան է, պատերազմն իր հետևանքներով մի կողմից, քովիդն ու իր պայմանները՝ մյուս: Բոլորիս կյանքում մեծ փոփոխությունն եղան, բոլոր ոլորտներում, այո, դժվարությունն ի հայտ եկան……  Սովորաբար պատերազմներից հետո մարդիկ պետք է կարոտ և քաղց ունենան արվեստի, մշակույթի, ինչը, ցավոք, այսօր չեմ նկատում: Ես ավելի մեծ ակնկալիքներ ունեի, ուրիշ կերպ էի պատկերացնում դեպի արվեստ վերադարձը, և դա ինձ շատ է վշտացնում, ըստ իս,  վատ նախանշան է, նույնիսկ լեզուս չի պտտվում ասեմ, բայց պիտի հռետորական հարց հնչեցնեմ ՝ չունե՞նք դրա կարիքը………. և դա լավ չէ:

Լինելով Հայաստանի ամենավառ եւ տաղանդավոր դերասանուհիներից մեկն, այս ընթացքում էկրաններին, գրեթե չեք երեւացել, նոր ֆիմերում չեք նկարահանվել…. Ինչո՞վ է դա պայմանավորված, ինչո՞վ եք զբաղված եղել, Ձեր հավատարիմ երկրպագուներին ինչպիսի՞ նորությամբ կուրախացնեք։

Нет описания.

Ես համաճարակային ամենավատ, թեժ ժամանակահատվածում էլ նույնիսկ  աշխատել եմ <<Շանթ>> հեռուստաընկերությունում՝ կրկնօրինակելով ‹‹Սոյուզմուլտֆիլմի›› տեսադարանի լավագույն մուլտֆիլմերը՝ թվով մոտ 300՝ աշխատելով մեծ սիրով և խանդավառությամբ, քանզի երեխաների համար աշխատելն ինձ համար ուրիշ հաճույք է. Դա էլ, թերևս, պայմանավորված է նրանով, որ ես երեք բալիկների մայր եմ և ինձ համար գերագույն հաճույք է նրանց համար որևէ բան անելն ու բոլորովին էլ կարևոր չէ, թե դա ինչ է՝ մանկական ներկայացում, կրկնօրինակում, թե այլ բան: <<Շանթ>>-ում երեք կորեական սերիալներ ևս կրկնօրինակեցի, որից հետո դուրս եկա հեռուստաընկերությունից՝ այդ ոլորտում որոշակի դադար վերցնելով՝ ակնկալիքով, որ <<բուռն վերադարձ>> և բազմաթիվ դերեր կունենամ Սունդուկյան թատրոնում (ինչպես և եղել է), բայց, ցավոք սրտի, չգիտեմ ինչու, Սունդուկյան թատրոնի ղեկավարությունը գուցե  իմ մասնագիտական ունակությունների կարիքը չուներ, որի արդյունքում էլ պարզվեց, որ շատ ներկայացումներ, որտեղ զբաղվածություն ունեի, խաղացանկից դուրս են եկել, չեն խաղացվում և չեն խաղացվելու, իսկ նոր դերեր, բնականաբար, չստացա: Գուցե նորից կգան ինձ համար լավ ժամանակներ Սունդուկյան թատրոնում, ես մեծ ցավ եմ ապրում, քանզի այդ թատրոնն իմ երկրորդ տունն է, ես այդտեղ, կարելի է ասել, ծնվել ու մեծացել եմ և դրա ամեն մի անկյունը ինձ համար հոգեհարազատ է, թանկ  ու սիրելի: Ես նույնիսկ ամենափոքրիկ դերով եմ ուրախացել, երբեք մեծ դերերի հավակնորդ չեմ եղել,  դա ինձ չի անհանգստացրել: Մի չգրված կոչում կա՝ ‹‹սունդուկյանցի››, կարծում եմ շատերը կհասկանան, թե դա ինչ է…. ես ինձ սունդուկյանցի եմ համարում և  կարոտով կսպասեմ  նորից իմ սիրելի թատրոնի  հարազատ բեմում խաղալուն……ինչևէ, ես այդ թատրոնում եմ աշխատում և աշխատելու եմ դեռ այնքան, ինչքան ուժերս ներեն և թույլ տան:

Այժմ աշխատում եմ Հանրային հեռուստաընկերությունում,  ֆիլմեր եմ կրկնօրինակում, արդեն մեկ սերիալ գրեթե վերջացնում ենք, աշխատում եմ մեծ հաճույքով և նվիրումով, շատ սիրում եմ այդ գործը: Հեռուստաէկրաններին, կարծում եմ շուտով չեմ հայտնվի, որովհետև, ժամանակս ավելի շատ տրամադրում եմ բալիկներիս, երկուսը դեռ փոքր են՝ տղաս  4 տարեկան է, փոքր աղջիկս՝ 3 և կես, մեծ աղջիկս՝  14: Ես միշտ ասել եմ, երբ կինը մայրանում է, նա առաջին, երկրորդ և երրորդ հերթին մայր է, հետո նոր՝ մնացածը, այնպես որ հիմա զբաղված եմ նրանց ապագան կերտելու պատասխանատու գործով:

Տիկին Աբրահամյան, ո՞րն է 3 հրաշալի բալիկների մայրիկի, կայացած արտիստի, սիրված ու պահանջված դերասանուհու հաջողության բանաձեւը, ինչպե՞ս եք համատեղում։

Այո, ես ունեմ հաջողության բանաձև, եթե, իհարկե, կարելի է դա բանաձև համարել՝ երբե՛ք ոչ մեկին ներս չեմ թողնում իմ ընտանիք, շեշտում եմ՝ ի՛մ ընտանիք, ոչ թե իմ տուն: Ես շատ սիրում եմ ընտանիքս՝ ամուսնուս, բալիկներիս և դա իմն է, միայն իմը. իմ տունն իմ ամրոցն է, ընտանիքս՝ հենասյունը …..  այսպիսի մարդ եմ ես:

Աստված ինձ երկրորդ անգամ հնարավորություն տվեց և այս անգամ արդեն ուրիշ կերպ եմ վերաբերվում ամեն ինչին, չեմ կարող բացատրել այն զգացողությունն, ինչ ունեմ այսօր իմ բալիկներին տեսնելուց, ամեն վայրկյան շնորհակալ եմ, որ ունեմ այն ընտանիքը, որն ունեմ, շնորհակալ եմ ամուսնուս, որ սիրվում և հարգվում եմ, շնորհակալ եմ բալիկներիս, որ պատիվ ունեմ նրանց մայրը լինելու:

Խոսքս ուզում եմ եզրափակել իմ սրտի մեծ ցանկությամբ՝ թո՛ղ էլ երբեք պատերազմ չլինի, այն ցավը, որ մենք ապրեցինք, ապրում ենք ու դեռ շատ երկար կապրենք՝ աննկարագրելի, անբացատրելի ցավ է, և Աստված մի արասցե, որ մեր բալիկները ևս անցնեն դրա միջով:

Ցավում եմ, ցավում եմ զավակ կորցրած յուրաքանչյուր մոր հետ…. ցավում եմ: Միայն խնդրում եմ Աստծուն, որ էլ երբեք նման բան չկրկնվի, թող մեր բալիկները խաղաղ երկրում ապրեն, արարեն, բազմանան և շենացնեն: Մեր երկիրը մենք պետք է շենացնենք, ոչ թե սպասենք,թե երբ կգա ինչ որ մեկը  և դա կանի մեր փոխարեն:

Ես միշտ մտածում եմ, որ երբ յուրաքանչյուրս առավոտյան արթնանալիս ինքներս մեզ հարց տանք, թե ինչ ենք արել այս երկրի համար, և որն է լինելու դա իրականացնելու գործուն քայլերն ու իրապես սկենք գործել, երբ թեկուզ աննշան բան անենք մեր հայրենիքի համար, ինձ թվում է, ամեն ինչ այլ կերպ կլինի և դրա միակ ճանապարհը սերն է ու փոխադարձ հարգանքը:

Սիրով լցված լինենք, մեր սրտում թող միշտ սեր լինի՝ հայրենիքի, կողակցի, երեխաների….և ամեն ինչ լավ կլինի:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով