Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները

Ի գիտություն մեր էջի հետևորդներին, ուսանողներին՝ հատկապես «Իրավագիտության» ֆակուլտետի ուսանողներին՝ տեղեկացնում ենք, որ այսօր Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան էջից:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով պարեկային նոր ծառայության առաջին աշխատանքային օրվան, նշել է, որ 2019 թվականի դեկտեմբերին Վարչապետի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը հանձնարարվեց Ոստիկանության հետ համատեղ մշակել Ոստիկանության ոլորտի բարեփոխումների կառավարության ծրագիրը, որը մշակվեց ոլորտի բոլոր պատասխանատուների, միջազգային գործընկերների, հեղինակավոր փորձագետների ու իրավապաշտպանների ներգրավմամբ, և ապա 2020թ. ապրիլին հաստատվեց կառավարության կողմից. «Ռազմավարությամբ նախանշվեցին մի քանի կարևոր ուղղություներով փոփոխություններ՝ արտաքին ծառայության վերափոխում՝ նոր պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրմամբ, Ոստիկանության զորքերի բարեփոխումներ, Ներքին գործերի նախարարության ձևավորում, հանրային ծառայությունների մատուցումը ոստիկանությունից նախարարությանը փոխանցում, Քրեական ու համայնքային ոստիկանության փոփոխություններ։Որպես ոլորտի բովանդակային ու հիմնավոր փոփոխության ուղենիշ՝ ընտրվեց հանրության կողմից վստահելի ոստիկանության նոր ծառայողի կերպարը, որի հիմքում դրվեց միջազգային լավագույն փորձը, մեր երկրում ոստիկանության առջև դրված խնդիրները, մասնագիտության մեջ նոր մարդիկ՝ մասնագիտական կրթությունը հիմնովին վերանայելու, կրթական միջավայրը վերափոխելու, ժամանակակից տեխնիկայով ու հատուկ միջոցներով ծառայությունը հագեցնելու, ինչպես նաև՝ բարեվարք, հաշվետու և պրոֆեսիոնալ հանրային ծառայողի կերտման հստակ ու հաշվարկված քայլերի հաջորդականությունը։Համակարգային ու լայնածավալ ծրագրի իրականացմանն իրենց աջակցությունը հայտնեցին միջազգային տարբեր գործընկերներ (ԱՄՆ, ԵՄ, ԵԱՀԿ, ՄԱԶԾ, Համաշխարհային բանկ), որոնք միայն 2020թ ընթացքում ցուցաբերեցին ավելի քան 5մլրդ ՀՀ դրամի աջակցություն և հանձնառեցին առնվազն նույնքան աջակցություն 2021-2022թթ համար։

2020 թվականի դժվարությունները՝ համավարկը, պատերազմը, ավելի ամրապնդեցին հանրությանը ծառայող, դժվարին իրավիճակում մարդկանց օգնության հասնող, պրոֆեսիոնալ ու վստահելի արտաքին ծառայություն ձևավորելու մեր հավատն ու կամքը։Շուտով կհետևի Լոռու և Շիրակի մարզերի պարեկային ծառայության սովորողների ընդունելության հայտարարությունը»,- գրել է Ռ. Բադասյանը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով