Ես քեզ կպոկեմ հազար թշնամու, դևի բերանից

Ես քեզ կպոկեմ հազար թշնամու, դևի բերանից,

Ու նենգ ոսոխին ետ կշպրտեմ քո սահմաններից։

Ատամով կտրեմ ես հազար շղթա ու պարան հազար,

Ու շղթա կոփեմ, ու պարան հյուսեմ զավթիչի համար։

Գիշերով ես մութ կբերեմ քեզ լույս, կբերեմ ճրագ,

Քո ճամփան երկար կմաքրեմ քարից ու աշխարհն արար։

Ես դռանը քո կկանգնեմ հրեշ, կյանքիդ ապավեն,

Քանի որ կյանքում քեզ համար եմ ես հրեշից ավել։

Ես պատրաստ եմ միշտ քո խաչը կրել, կռացած գետնին,

Ու խաչին հանել լկտի թշնամուս, հռոմեաց խաչին։

Ես ոտքդ լվամ, ծառայից խոնարհ, ու ջուրը խմեմ,

Քանի որ Տե՛ր իմ, քեզանից բացի ես ոչինչ չունեմ։

Ես հացս հանեմ բերանից էլի, կտրեմ իմ ջրից

Ու տամ խրամատում քո ոգին պահող հայոց զինվորին։

Պատմություն գրեմ սրերի ծայրին ոսկե տառերով․

Պատմությունը մեր գրվել է հավերժ սրած սրերով։

Թե արյունը միայն դրոշը կարմիր ներկում է կոկիկ,

Ես, արյուն տված դրոշին, կոչեմ․

«Կեցցե՜ս, Հայրենիք»։

Վաղարշակ Մադոյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով